Առողջապահություն 3.2010
Հազը հուշում է
Հիվանդությունների ժամանակ օրգանիզմն ակտիվացնում է իր ուժերը` տարբեր համակարգերի աշխատանքը, որն արտահայտվում է ջերմության բարձրացումով, քրտնարտադրությամբ, հևոցով, շնչարգելությունով, հազով և այլն:
Սրանք հաճախ պաշտպանական դեր են խաղում` երբեմն հասցնելով օրգանիզմի նորմալ կենսագործունեության սահմանափակման, որի հետևանքով մարդը դառնում է անաշխատունակ: Իսկ հազը, պաշտպանական դերից բացի, չափազանց կարևոր ախտանիշ է, հաճախ` հիվանդի և շրջապատի համար վտանգավոր որոշ հիվանդությունների ժամանակ: Այն հուշում է շնչառական ուղիներում ընթացող տարբեր ախտաբանական պրոցեսների առկայության մասին: Երկարատև կամ նոպայաձև հազը սովորաբար շատ անհանգստություն է պատճառում:
Հազն ունի ռեֆլեկտոր ծագում և նպաստում է շնչառական ուղիների մաքրմանը: Որպես պաշտպանական ռեակցիա` այն առաջանում է, երբ կոկորդում ուտելիքի մնացորդը խանգարում է շնչառությանը, երբ շնչափող և բրոնխներ օտար մարմին է ընկնում, լորձ է կուտակվում կամ երբ մարդը ստիպված խեղդող ծուխ է շնչում: Նման դեպքում է, որ օրգանիզմը բնազդաբար սկսում է արձագանքել:
Առողջ մարդու բրոնխներում մեկ օրվա ընթացքում արտադրվում է գրեթե 100 մլ բրոնխային արտազատուկ (սեկրետ), որն անցնելով բերանի խոռոչ և խառնվելով թքին` դառնում է խորխ: Դրա 95 տոկոսը կազմում է ազատ և կապված վիճակում գտնվող ջուրը, իսկ մնացած 5 տոկոսը` տարբեր նյութեր: Առողջ մարդը չի հազում, սակայն երբ բրոնխների լորձաթաղանթը բորբոքվում է, գոյացած արտազատուկը, գրգռելով օդատար ուղիների ռեֆլեքսածին գոտիները, հազի պատճառ է դառնում: Նման առավել զգայուն գոտիներ կան բրոնխների, շնչափողի ճյուղավորումներում, կոկորդում, ինչպես նաև քթի խոռոչում, ըմպանում, թոքամիզում (թոքերը պատող թաղանթում): Ռեֆլեկտոր հազ կարող է առաջանալ նաև արտաքին լսողական ուղու պատի գրգռման, սրտի տարբեր հիվանդությունների ժամանակ և այլն:
Ամեն անգամ հազալիս ալվեոլները (թոքային հյուսվածքի բշտեր) լայնանում են: Հազի ժամանակ շնչառական ուղիներում օդի շարժման արագությունը շատ մեծ է, որի շնորհիվ դրանք մաքրվում են խորխից ու օտար մարմիններից` ապահովելով շնչառական համակարգի նորմալ աշխատանքը:
Հազը սակայն առաջին հերթին բնորոշ է շնչառական օրգանների վիրուսային և մանրէային հիվանդություններին (բրոնխների բորբոքում, գրիպ, թոքաբորբ, պալարախտ` տուբերկուլոզ, չոր պլևրիտ և այլն), որի տևողությունը, ուժգնությունը, հնչեղությունը, երանգը` օրգանների տարբեր հիվանդությունների հետ կապված, փոխվում է: Ցավոք սրտի, եթե հիվանդը լիարժեք չի բուժվում, նույնիսկ շնչուղիների սովորական հիվանդությունները վերածվում են խրոնիկական բրոնխաբորբի: Դրանից խուսափելու համար, նախքան բուժումը սկսելը, անհրաժեշտ է պարզել հազի պատճառը:
Հազը կարող է լինել չոր, առանց խորխարտադրության և թաց` խորխարտադրությամբ: Որպես կանոն, խորխով հազն ավելի հեշտ է անցնում, քան չորը: Այսպես, օրինակ, կոկորդի լորձաթաղանթի, թոքամզի բորբոքումներին, շնչուղիների սկլերոզին բնորոշ է միայն չոր հազը, իսկ բրոնխիտներին, տուբերկուլոզին, քաղցկեղին, թարախաբշտին (աբսցես)` խորխարտադրությունը: Վերջինիս դեպքում անհրաժեշտ է որոշել խորխի քանակը, արտադրվելու ժամանակը (առավոտյան և ամբողջ օրվա ընթացքում), գույնը, պարզել բնույթը, որոշել, թե ինչպիսի հոտ ունի ու հիվանդի որ դիրքում է առաջանում, օրինակ` առավոտյան ժամերին հազ է սկսվում խրոնիկական բրոնխիտով, բրոնխոէկտազիայով (բրոնխների պատերի քայքայման հետևանքով առաջացած տեղային կամ տարածուն լայնացում), թոքի թարախաբշտով (աբսցես), կավերնոզ (խոռոչային) տուբերկուլոզով տառապող մարդկանց մոտ: Խորխը գիշերվա ընթացքում կուտակվում է բրոնխներում ու թոքերի խոռոչներում, և երբ մարդ առավոտյան անկողնուց վեր է կենում, այն անցնում է հարևան հատվածները և գրգռում ռեֆլեքսածին գոտիներին: Առաջանում է հազի ռեֆլեքս, որի ժամանակ սկսվում է նաև խորխարտադրություն: Երբ խորխն անցնում է ձախ թոքի խոռոչ, հազն ու խորխազատությունը սկսվում են աջ կողքի վրա պառկած դիրքում և, ընդհակառակն, թոքերի առաջային մասերում գտնվելու դեպքում` մեջքի, իսկ թոքերի հետին մասում գտնվելիս` փորի վրա պառկած դիրքում:

Հազն ըստ տևողության լինում է մշտական բնույթի և պարբերաբար առաջացող: Մշտականը բնորոշ է կոկորդի, բրոնխների բորբոքումներին ու քաղցկեղին, տուբերկուլոզի կլինիկական որոշ ձևերի: Պարբերաբար կրկնվող հազը մեծ մասամբ ի հայտ է գալիս գրիպի, վերին շնչուղիների կատառի, բրոնխիտների դեպքում: Եթե այն տևում է երեք շաբաթից ավելի, անհրաժեշտ է դիմել բժշկի: Դա հատկապես կարևոր է թոքերի տուբերկուլոզի կասկածի դեպքում, որի ախտորոշման համար կատարվում են ռենտգենաբանական քննություն և խորխի 3 նմուշի հետազոտություն` հարուցչի (տուբերկուլոզային միկոբակտերիաների) հայտնաբերման նպատակով:
Ըստ ուժգնության հազը լինում է հնչեղ (շնչափողային, հաչոցանման) և մեծ մասամբ սկսվում է կոկորդի, ձայնալարերի ախտահարումների, կապույտ հազի, չոր թոքամզի, ուռուցքների ժամանակ, ինչպես նաև թոքաբորբերի ու թոքերի տուբերկուլոզի սկզբնական շրջանում: Այն կարող է ընթանալ նոպաների ձևով և ուղեկցվել գլխացավով, գլխապտույտով, ուշագնացությամբ: Նման դեպքում հազի նոպայի վերացմանն օգնում են հատուկ վարժությունները (այդ մասին կարդացեք հանդեսի 2010-ի N1-ում), ատրոպինանման դեղամիջոցները: Երբեմն նոպայանման հազի պատճառ է դառնում շնչափողի նեղացումը (ստենոզ), որը կարող է զարգանալ որոշ մասնագիտությունների (օդաչու, հանքափոր, փողային գործիքներ նվագողներ), ինչպես նաև բրոնխային ասթմայի` շնչահեղձության, շնչափողի ուռուցքների, վերին շնչուղիների վիրուսային ախտահարումների ժամանակ:
Հազի կլինիկական պատկերն ուռուցքի դեպքում կապված է տեղակայման հետ: Որոշ դեպքում շնչահեղձության նոպան ի հայտ է գալիս նոպայաձև հազի հետ, որի ժամանակ բրոնխները լայնացնող դեղամիջոցները չեն օգնում: Վիճակը թեթևանում է միայն ծնկներն արմունկներին հենած դիրքում գտնվելիս:
Ըմպանի լորձաթաղանթի բորբոքման դեպքում (լարինգիտ) հազը սովորաբար ուղեկցվում է ձայնի խռպոտությամբ, որը բնորոշ է հիսթերիկ վիճակում գտնվող մարդկանց և կոկորդի այտուց ունեցողներին: Այն երկար տևելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և մանրամասնորեն հետազոտվել` պատճառը պարզելու և բուժվելու համար:
Ինչպե՞ս բուժել հազը: Լավագույն տարբերակը բժշկի կողմից նշանակված խորխաբեր պատրաստուկների և հազի պատճառը վերացնող դեղերի համակցված ընդունումն է: Բուսական ծագում ունեցող դեղերն արդյունավետ են, եթե մարդը դրանց նկատմամբ ալերգիա չունի: Ոմանք նախընտրում են բուժման ժողովրդական միջոցները` եզան լեզվի, ծոթորի (ՑՌՎՖÿվ), եղևնու կոների կամ նիվենու (ֆՉՍՈսՌտՑ) տերևների թուրմը կամ նույն բույսերի հյութերից պատրաստած օշարակը: Ի դեպ, դրանք նպաստում են և´ հազի վերացմանը, և´ նյութափոխանակության կարգավորմանը:
05.10.2012 Կարդացեք նաև
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ